Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թրամփի թերարժեքության բարդույթի նոր բռնկումը` Իրան

Թրամփի թերարժեքության բարդույթի նոր բռնկումը` Իրան
14.10.2017 | 08:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` այլևս չի վստահեցնելու Կոնգրեսին, որ Իրանի հետ միջուկային գործարքը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին: Նա Կոնգրեսին կոչ է արել Իրանին լրացուցիչ պայմաններ առաջադրել պատժամիջոցների հետագա կասեցման համար: 2015-ին Բարաք Օբամայի վարչակազմի ստորագրած համաձայնագրով` ԱՄՆ-ի նախագահը ամեն երեք ամիսը մեկ Կոնգրեսին վստահեցնում է, որ համաձայնագիրը պահպանվում է ու համապատասխանում է երկրի ազգային շահերին և երաշխավորում է շարունակել ցավոտ պատժամիջոցների կասեցումը, որ սահմանվել են ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի: Պաշտոնակալությունից հետո Դոնալդ Թրամփը չկամությամբ, բայց երկու անգամ գործարքը հաստատել է, հիմա որոշել է հրաժարվել: Առայժմ պարզ չէ, թե ինչ կձեռնարկի Կոնգրեսը ի պատասխան նախագահի առաջարկի` օրենսդիրների մեջ այս հարցում միասնականություն չկա: Կոնգրեսին իր ուղերձում Թրամփը Իրանն անվանեց ֆանատիկ ռեժիմ և խոստացավ միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ սկսել պայմանագրի պայմանների վերանայման համար: Իրանի հետ գործարքի ԱՄՆ գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը:


«Մենք չենք շարունակի գնալ ճանապարհով, որ կանխատեսելիորեն ավարտվելու է ավելի մեծ բռնությամբ, մեծ ահաբեկչությամբ և Իրանի միջուկային զենք ստանալու շատ ռեալ սպառնալիքով»` հայտարարեց Դոնալդ Թրամփը: Եթե Կոնգրեսի ու դաշնակիցների հետ հնարավոր չլինի կոնսենսուսի հասնել, Իրանի հետ միջուկային գործարքը «վայրկենական» կբեկանվի` սպառնաց Թրամփը: Նա մեղադրեց Իրանին ահաբեկչությանն աջակցելու մեջ և սպառնաց թույլ չտալ միջուկային զենքի հայտնությունը Թեհրանում հնարավոր բոլոր միջոցներով: Թրամփը նաև լիազորեց ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի նկատմամբ, բայց չառաջարկեց նրանց ահաբեկչական հայտարարել:
Միջազգային դիտորդները բազմից հայտարարել են, որ 2015-ից Իրանը կատարում է համաձայնագրի բոլոր պայմանները: Սակայն Թրամփը հայտարարեց, որ այդ պայմանները չափազանց մեղմ են և Իրանին հնարավորություն են տվել ավելացնելու ծանր ջրի թույլատրված լիմիտները:

Նրա խոսքով` Իրանը հետևում է համաձայնագրի տառին, այլ ոչ թե ոգուն և պատժամիջոցների հանումից ստանում է բոլոր առավելությունները: ԱՄՆ Կոնգրեսում միանշանակ տեսակետ չկա Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման ցանկալիության վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին նախագահի որոշումն անվանել է սպառնալիք քայլ, որ կարող է վնասել ԱՄՆ-ի անվտանգությանը: Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ անհանգստություն են հայտնել Թրամփի որոշումից։ Նրանք կոչ են արել ԱՄՆ-ի վարչակազմին ու Կոնգրեսին մտածել, թե ինչ հետևանքներ կունենա որոշումը ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների անվտանգության վրա` մինչև որոշումներ ընդունելը, որոնք հակառակ են պայմանագրին, այդ թվում` պատժամիջոցների վերադարձը: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան Թրամփի ելույթի` հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը լիարժեք է և Թեհրանի կողմից որևէ խախտում չի եղել:
ВВС


Հ.Գ. ՈՒրբաթ և 13-ը արեց իր գործը` Թրամփը, այնուամենայնիվ, հայտարարեց, որ չի երաշխավորում Իրանի հետ համաձայնագիրը: Ամբողջ օրը համաձայնագիրը ստորագրած պետությունները հայտարարում էին, որ իրենք հավատարիմ են համաձայնագրին` փորձելով դիվանագիտորեն կասեցնել ԱՄՆ նախագահին: Բայց Դոնալդ Թրամփն ունի թերարժեքության խոր բարդույթ Բարաք Օբամայի նկատմամբ` նա հերթով ընդունում է ճիշտ հակառակ որոշումներ իր ինքնահաստատման համար: Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը կսրի Իրանի միջուկային խնդիրը, Թեհրանը կհետևի Վաշինգտոնի օրինակին, դա միանշանակ կվնասի անվտանգության և միջուկային զենքի չտարածման մթնոլորտին ամբողջ աշխարհում` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նման գործողությունները միանշանակ վնաս կպատճառեն կանխատեսելիության, կայունության և չտարածման մթնոլորտին ամբողջ աշխարհում։ Դա կարող է լրջորեն վատացնել Իրանի միջուկային խնդրի շուրջ իրավիճակը։ Մենք արդեն գիտենք Թեհրանի պատասխանը ՝ Թեհրանը նույնպես կլքի համաձայնագիրը։ Այդ պատճառով, անխոս, Ռուսաստանը կշարունակի հետևել դիրքորոշմանը, որը բազմիցս ձևակերպել է նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ուղղված է այդ խնդրի լուծման կարգը պահպանելուն, Իրանի միջուկային խնդրի լուծման կարգին և այն կարգին, որը թույլ կտա մեզ կանխել միջուկային զենքի տարածումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից։


Երեկ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տիրող վիճակը հեռախոսով: Լավրովը հաստատել է, որ ՌԴ-ն հավատարիմ է համաձայնագրին և հաստատակամ է հետագայում համաձայնություններն իրականացնել այն տեսքով, որով հավանություն են ստացել ՄԱԿ ԱԽ-ի կողմից։
Բեռլինում ևս կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կարևոր գործիք է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային զինման կանխարգելման համար: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը ասել է. «Համաձայնությունը կարևոր գործիք է Իրանի միջուկային զինումը կանխելու համար, այդ պատճառով մենք հետագայում էլ հանդես կգանք դրա ամբողջական իրականացման կողմից»։
Ֆրանսիան հաստատում է, որ հավատարիմ է Իրանի հետ միջուկային համաձայնագրին և պնդում է, որ միջազգային խնդիրների լուծման համար մուլտիլատերալիզմի սկզբունքը կարևոր է` հայտնել է AP-ը։ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ագնես Ռոմատե Էսպանը հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կայուն է, հուսալի և երաշխավորում է, որ Իրանը միջուկային զենք չի ստանա։ Նա նշել է, որ մուլտիլատերալիզմը միակ միջոցն է կայուն խաղաղության հասնելու համար։


Իրանը պատրաստ է հրաժարվել միջուկային գործարքի գործողությունների համապարփակ համընդհանուր պլանից, եթե դրանից դուրս գա ԱՄՆ-ը, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։ «Անկասկած, նման հնարավորություն կա։ Միջուկային համաձայնագիրը երկկողմ համաձայնագիր չէ, ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ ԱՄՆ-ի կողմից գործողությունների համապարփակ համընդհանուր պլանը խախտելը կամ դրանից դուրս գալը վիրավորանք է առաջին հերթին ՄԱԿ-ի հասցեին»,- ասել է նա։
Ալի Լարիջանին քննադատել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը. «ԱՄՆ-ը ձգտում է զենք վաճառել, և Մերձավոր Արևելքում ճգնաժամի շարունակությունը ընկալում է որպես վաճառքի ֆոն»,- ասել է նա:
Համաձայնագիրը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ենթադրելի է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս պիտի հայտարարությամբ հանդես գա։ Առայժմ չի արձագանքել միայն Պեկինը:


Ֆեդերիկա Մոգերինիի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հայտարարություններից դատելով` համաձայնագիրը ջրբաժան է դառնում ԱՄՆ-ի հետ: Մնում է սպասել` ինչ կորոշի Կոնգրեսը: Եվ` ինչպես կարձագանքի Թեհրանը:
Ի վերջո` Իրան-ԱՄՆ հարաբերություններում համաձայնագիրը պատրվակ է` հարցը լուծում են աշխարհաքաղաքական բոլորովին այլ չափումներում ծավալվող իրադարձությունները, որտեղ խաղաքարտին է դրված նոր Մերձավոր Արևելքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ